Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

Դու մի անհայտ Բանաստեղծ ես` չտեսնված մինչ էսօր,
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վռազ եղավ, անցկացավ.
Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ:

Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում` է՞ս, թե՞ էն.
Մեջտեղ կանգնած` միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե՞ էն.
Աստված ինքն էլ տարակուսած չի հասկանում` ինչ անի,
Տանի՜, թողնի՜, ո՞րն է բարին, որ սահմանում, է՞ս, թե՞ էն: